«Եղա՞վ, Եղիշ ջան, աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ»

«Սիրո խոստովանություն» 

Գիտե՞ք՝ ում էր խնդրել Ե. Չարենցը, որպեսզի Աստղիկ Ղոնդախչյանին ասի, որ ինքը նրան է սիրում…

– Ես աստծո ինչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկները ռեխիս չեն էլ նայում:

Հանգստացնում էի:

– Եղիշ, – ասում էի, – Աստծուց հեչ մի նեղանա. բանաստեղծի տաղանդ բաժանելիս Կարսում մենակ որ քեզ է տեսել, քի՞չ ես համարում:
Քիթը կնճռոտում էր:

– Այ Աղասի, – ասում էր, – աղջկան ի՞նչ պետք է, թե տղան տաղանդավոր է, էս է, էն է: Աղջկան գեղեցկություն է պետք: Թե չէ, տաղանդը ոչ կգրկես, ոչ կհամբուրես:

Էլի էի հանգստացնում:

– Դարդ մի արա, Եղիշ ջան, – ասում էի, – կմեծանաս՝ կգեղեցկանաս:

– Խե՞նթ ես, – քմծիծաղում էր: – Այ տղա, որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է:
Մի անգամ, նման խոսակցությունից հետ, հենց էնպես, հարցրի.

– Եղիշ, իսկ փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան:

Խնդաց:

– Խելքս հացի հետ չեմ կերել, – պատասխանեց: – Փորձեմ, որ խայտառակվե՞մ:

Էսպես խոսում էր, ինչպես ասացի, երբ մնում էինք երկուսով: Ուրիշների, մանավանդ աղջիկների ներկայությամբ, գլուխը բարձր էր պահում, քիթը՝ ցից, կեպին՝ ավելի ծռած, իբր, տեսեք ու իմացեք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի: Իսկ որևէ տղայի ու աղջկա իրար հետ մենակ զբոսնելիս տեսնելիս, ավելի հպարտ էր պահում իրեն: Արհամարհանքով նայում էր աղջկան, և շպրտում.

– Էրնեկ քեզ, դու էլ պիտի ասես՝ ոսկի եմ գտել: Աբգար աղայի տղային թողած, Եղիշե Չարենցին թողած, ո՞ւմ ետևից ես ընկել: Եվ ահա մի անգամ էլ էդ Եղիշե Չարենցը բռնացրեց ինձ, թե.

– Ալայան, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:

Ունքերս իրար տվի:

– Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:

– Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա, – պետքս էլ չի:

Բանաստեղծություն կնվիրեմ, և վերջ: Սերս թե կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:

Ու գրեց.

Քնել չի լինում…

Հիմա, երբ այնպես ուզում եմ քնել,

Ամե՛ն, ամե՛ն ինչ մտքիցս հանել:

Սերը անպատասխան մնաց:

Չեմ հիշում ինչքան ժամանակ էր անցել, երբ մի խումբ աշակերտ–աշակերտուհիներ, հավաքված քաղաքային այգում, հանգիստ զրուցում էինք մեզ համար, ասում-խոսում: Մեկ էլ ասես գետնի տակից, բուսավ Չարենցը, արագ մոտեցավ ինձ ու, ոչ էս, ոչ էն, բռնեց օձիքս:
Լյուսիի հետ մոտ ես, հա՞, – բարձրացնելով բռունցքված ձեռքը, գոռաց նա,–հիմի ես քեզ մոտիկություն ցույց կտամ:

Տղաների օգնությամբ մի կերպ ազատեցի օձիքս, իսկ Լյուսի Թառայանը, որ աղջիկների մեջ էր, դուրս եկավ տեղից, առաջացավ ու քիփ կանգնեց Չարենցի դեմ-դիմաց. ոնց որ՝ քիթ քթի:

– Եղիշ, – ասաց, – Աղասուն հանգիստ թող. ոչ նա է ինձ մոտ, ոչ ես՝ նրան: Ես ոչ ոքի հետ էլ մոտ չեմ: Իմացիր, քեզ հետ էլ չեմ ուզում մոտ լինել:

Չարենցը, որ աղջկա էդ խոսքից վիրավորված զգաց իրեն, քիչ ետ կանգնե ու ոտից-գլուխ չափեց նրան:

– Չես ուզում, մի էլ ուզի, – վեր ցցելով գանգուրները, ասաց նա: – Զարմացրի՛ր: Դու էլ հավատացիր, թե սիրո՞ւմ եմ քեզ: Չեմ սիրում:

Ոչ մեկին էլ չեմ սիրում: Հետո եմ սիրելու: Իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:

Ասաց ու գլուխը՝ բարձր, կեպին՝ ծուռ, թողեց հեռացավ:

Երեկոյան երևաց մեր տանը:

– Այ տղա, – ներողություն խնդրողի պես, խոսեց նա, – ցերեկը դու էլ կարծեցիր, թե իսկապես խփելու եմ քեզ: Ավազա՞կ եմ, ինչ է: Էդ հարայ-հրոցը բարձրացրի, իմանալու՝ Լյուսին ինչ կասի: Բան էլ չասաց: Տերն իր հետ:
Հանկարծ փռթկացրեց:

– Համա՜ սեր բացատրելու ձև էի գտել, հա՜:

Էլի օրեր անցան:

Եվ ահա նորից բռնացրեց ինձ:

– Ալայան, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:

Ունքերս էլի իրար տվի:

– Եղա՞վ, Եղիշ ջան, – կշտամբեցի ես, – աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:

– Չի՛ լինի, թո՛ղ չլինի, – նեղացավ նա: – Պետքս էլ չի: բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա, լավ, չի հասկանա, տերն իր հետ:

Ու գրեց.

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Էդ սերն էլ անպատասխան մնաց: Վշտացավ:

– Էլի բան դուրս չեկավ, – ասաց դառնացած:

Քիչ անց ասես գտավ իրեն:

– Այ տղա, – վրա բերեց , – ի՜նչ լավ է, որ դու կաս, թե չէ, թամամ կխայտառակվեի Կարսում: Սերս քեզ հայտնելուց հետո, սիրտս հանգստանում է, ու ես քաշվում եմ մի կողմ: Բանաստեղծություններին մի նայիր, ի՜նչ բանաստեղծ, որ աղջիկ չերգի, սեր չերգի: Մի րոպե լռեց:

– Գիտե՞ս ինչ, – ավելացրեց, – երևի իսկապես իմ սերը, իմ մեծ սերը հետո է գալու:

Մի օր եկավ այդ սերը:

Սովետական տարիներն էին: Պետությունը որոշել էր պետական թատրոն ու ստուդիա ունենալ: Եղիշե Սողոմոնյանն էլ արդեն Եղիշե Չարենց էր: Մանկության ընկերները կրկին հանդիպում են, Աղասին` որպես դերասան, Չարենցը` Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ: Որոշում են նշել այդ պատմական օրը: Երեկույթը տեղի էր ունենալու Վարդան Միրզոյանի տանը: Հավաքույթին շուք տալու համար դրսից մարդ են հրավիրում, նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել դրամատիկական ստուդիայի ստեղծման հետ: Իհարկե, հրավիրվածների մեջ առաջին հերթին պետք է լիներ Եղիշե Չարենցը՝ Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչը:

Նստել էինք սեղանի շուրջը՝ մենք, հյուրերը: Չարենցը չկար: Չկար՝ չկար, Աստված իր հետ. մինչև առավոտ չէինք սպասելու: Դյադյա Միրզոն ոտքի կանգնեց, բարձրացրեց լիքը բաժակը:

– Տղաներ ու աղջիկներ, – սկսեց նա, – հայ թատրոնի ապագա դերասաններ ու դերասանուհիներ…

Էդ րոպեին էլ դուռը բացվեց, շեմքում երևաց Չարենցը:

Վարդան Միրզոյանը ցած դրեց բաժակը: Մենք, ուրախացած, տեղ բաց արինք Չարենցի համար:

– Ընկեր Չարենց, եկեք մեզ մոտ:

– Չարենց, արի նստիր կողքիս:

– Եղիշե, ինձ մոտ:

Չարենցը տեղից չշարժվելով, հայացքը դես ու դեն գցեց:

– Աղասի Ալայանը էստե՞ղ է:

Նոր գլխի ընկա, որ խմած էր: Հարբած չէր, բայց խմած էր: Կողքից էլ, սովորական ատրճանակի տեղ, մաուզեր էր կախված:

– Էստեղ եմ, Եղիշ, – անհամարձակ ձեն տվի ես:

Աչքը գցեց վրաս:

– Էստեղ ես, հա՞, – ասաց: – Շուտով չես լինի:

Սիրտս վատ բան գուշակեց:

Մարդիկ քարացած մեկ Չարենցին էին նայում, մեկ՝ ինձ. սև կատո՞ւ էր անցել ընկերների միջով:

– Դուրս եկ տեղիցդ ու առաջ արի, – էլի ասաց նա:

Ճարս ինչ. բարձրացա տեղիցս ու առաջ գնացի:

– Կանգնիր էդտեղ, – ասաց, ոչ, ի՜նչ «ասաց», հրամայեց, երբ երկու քայլի վրա էի իրենից:

Սիրտս վատ բան էր գուշակել, ճիշտ էր, բայց էն, ինչ տեղի ունեցավ, ո՜ւմ մտքով կանցներ:

– Արփիկին ես սիրում, հա՞, սուկին սին, – ձենը ավելի բարձրացնելով, գոռաց Չարենցը: – Խլե՞լ ես ուզում նրան: Ես հիմի քեզ սիրել ցույց կտամ, խլել ցույց կտամ:

Ասաց, ձեռքը դեպի մաուզերը տարավ, հանեց և՝ ուղիղ ճակտիս:

– Հիմի դու քոնը կստանաս:

Տղամարդիկ իրար անցան, աղջիկները ճչացին:

Ապրես դու, Օրի Բունիաթյան, առյուծի պես տեղից վեր ցատկեց, հասավ ետևից, բռնեց Չարենցի ձեռքը, ոլորեց, ու խլեց մաուզերը:

Կյանքս փրկված էր: Բայց, վա՜յ էն փրկվելուն՝ լեղիս ջուր էր կտրել. բերանումս էլ թուք չէր մնացել, որ չորանար:

Սենյակը կամաց-կամաց խաղաղվեց: Մի կերպ ես էլ ուշքի եկա:

– Եղիշ, հազիվ կարողացա կմկմալ, էդ ի՞նչ ես ասում, ամոթ չէ՞: Կարսում իրար ճանաչել ենք, ընկերներ եղել, հիմի էլ ընկերներ ենք: Կարսում աղ ու հաց ենք կերել: Հիմի էլ պիտի ուտենք: Բա ես էդպիսի նամարդություն կանե՞մ:

Չարենցը շփոթվեց, կախեց գլուխը. նրան էլ էր երևի հասել կատարվածի անհարմարությունն ու անտեղիությունը: Սակայն ոչ ես էի կարողանում տեղից շարժվել, ոչ նա: Մարդիկ էլ պապանձվել էին, ոչ ձեն, ոչ ծպտուն: Վախի՞ց: Չէ՛, վախը վաղուց էր անցել: Ամոթի՛ց:
Մեկ էլ մի ձեն հասավ ականջիս. մեկը տվեց նրա անունը.

– Եղի՛շ:

Արփիկն էր, Արփենիկ Աստվածատրյանը, որ թողել տեղը, եկել կանգնել էր Չարենցի առաջ:

– Եղի՛շ, – կրկնեց, – ինձ նայիր:

Վա՜յ էն նայելուն, որ Չարենցը նայեց նրան:

– Չէ, ոչ էդպես, – նկատեց Արփիկը: – Բարձրացրու գլուխդ: Մի քիչ էլ: Ա՛յ, էդպես: Թե չէ, գլուխ կախելը քեզ չի սազում: Դե հիմի լսիր: Ի՜նչ Աղասի, ի՜նչ բան: Էդ որտեղի՞ց հնարեցիր: Թող մարդիկ իմանան, թող աշխարհը իմանա. ես քեզ եմ սիրում: Միայն քեզ: Սպասում էի, թե ուր որ է, սեր կբացատրես ինձ. տեսնում էի, որ դու էլ իմ օրումն ես: Է՞ս էր քո սեր բացատրելը: Արյունո՞վ էիր ուզում շաղախել իմ ու քո սերը:

Անակնկալից երևի հիմի էլ Չարենցի լեղին էր ջուր կտրել, թուքն էլ՝ չորացել:

– Արփի՛կ, – իրեն կորցրած, մոռանալով որ շուրջը մարդիկ կան, շշնջաց նա, – ի՞նչ իմանայի, թե էդպիսի բան կա, թե… Արածս հենց դրա համար էր. տեսնելու՝ սիրո՞ւմ ես ինձ: Ախր, ես գժվում եմ քեզ համար: – Նորից գլուխը կախեց: – Ներիր, Արփիկ ջան:

Դարձավ դեպի ինձ:

– Դու էլ ներիր, Ալո ջան:

– Անաստված, – բամբ ձենով սենյակը լցրեց Օրի Բունիաթյանը, – մարդուն սպանել էր ուզում, հիմի կանգնել է, թե՝ ներիր: Լա՜վ է, հը՜մ:

Սենյակը լցվեց Չարենցի ծիծաղով:

– Ինչե՞ր ես դուրս տալիս, – բացականչեց նա: – ես ու մարդ սպանե՞լ: Էն էլ Աղասո՞ւն: Ու էդ մաուզերո՞վ: Օրի ջան, դրանով իսկի ծիտ չի սպանվի, ո՜ւր մնաց՝ մարդ:

Շշմելու հերթը Օրի Բունիաթյանին հասավ, կարծում էր՝ մարդու կյանք էր փրկել, իսկ դուրս է գալիս, որ … Չարենցին նայեց, ինձ, Արփիկին, մարդկանց, ձեռքին դեռ բռնած մաուզերին: Արագ բաց արեց նրա փակաղակը և ընկավ առաջին պատահած աթոռին:
– Ես քո հավատն եմ անիծել, հը՜մ, – հազիվ կարողացավ ասել նա:

Մաուզերը դատարկ էր. ոչ փամփուշտ, ոչ բան:

Գարեգին Բես «Երկեր երեք գրքով. գիրք երրորդ»


Վերլուծություն
Ինձ շատ դուր եկավ այս պատմությունը, քանի որ ինչոր չափով նման էր իմ սիրոն։ Չարենցը խնդրեց իր ընկերոջը, որ ասի մի աղջկան, որ ինքը սիրում էր նրան, և դա շատ հիմար քայլ էր, բայց շատ հաճախ են անում այդ քայլը աղջիկները։ Կարևորը վեռջում Չարենցը հանգստացավ և բարեշեց բոլորի հետ։ Այս պատմությունը նրա մասին, որ լինելով ամենա կարևոր մարդկանցից մեկը մշակույթի մեջ, Չարենցին սերը զարկեց, ենել քանի անգամ։

Design a site like this with WordPress.com
Get started