Քիմիական արդյունաբերություն

Մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը քիմիական արդյունաբերության տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7 %։ Հայաստանում քիմիական արդյունաբերությունը ձևավորվել է 1920-ական թթ-ից հետո։ 1927 թ.-ին գործարկվել է Երևանի կարբիդի 1-ին գործարանը, 1936-1937 թթ.-ին շահագործման են հանձնվել կարբիդի ավելի մեծ վառարաններ, որոնց թողարկած կարբիդի հիմքի վրա կազմակերպվել է տարատեսակ քիմիական նյութերի արտադրություն։1933 թ.-ին Ալավերդու կարբիդի արտադրությունը տեղափոխվել է Վանաձոր, և դրա հիմքի վրա ստեղծվել է Վանաձորի քիմիական կոմբինատը (արտադրել է կիր, կարբիդ, ամոնիակ, ամոնիակային բորակ, ազոտական թթու, կարբամիդ, ցիանամիդ, սինթետիկ կորունդ, մելամին և այլն)։

Սննդի արտադրություն

Մինչև 1920 թվականը Հայաստանում գործել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 համեմատաբար խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Առավել զարգացած էր գինու-կոնյակի ճյուղը, որտեղ գերակշռել է ռուս, կապիտալը։ Արտադրվել է նաև պանիր (1913 թվականին՝ 700 տ), պահածո (1,2 միլիոն պայման. տուփ), գարեջուր (5410 հլ), օճառ (367 տ), զտված բրինձ (1305 տ) և այլն։ 1929-1940 թվականներին շահագործման են հանձնվել Արզնիի հանքային ջրերի շշալցման, Երևանի պահածոների, Այգեհովիտ ֆերմենտացման գործարանները, Երևանի և Գյումրիի մսի կոմբինատները, Երևանի ծխախոտի ու հրուշակեղենի-մակարոնի ֆաբրիկաները։ 1913 թվականի համեմատությամբ՝ 1940 թվականին սննդի արդյունաբերության արտադրանքի ծավալն աճել է 8 անգամ։ 1941-1945 թվականներին ձեռնարկությունները մթերք են արտադրել բանակի համար։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կրճատվել է 30 %-ով։ Միաժամանակ շարունակվել է Աշտարակի ու Կոտայքի գինու, Արմավիրի պահածոների, Սպիտակի շաքարի, Արզնիի ապակե տարաների գործարանների և այլ օբյեկտների շինարարությունները։ 1946-1960 թվականներին վերականգնվել է արտադրության 1940 թվականի մակարդակը։ Կառուցվել են Երևանի կոնյակի, մարգարինի, գարեջրի, Փարաքարի գինու, Սպիտակի կիտրոնաթթվի գործարանները, Գյումրիի հրուշակեղենի ֆաբրիկան, տարբեր շրջաններում՝ պանրագործարաններ և այլն, միաժամանակ վերակառուցվել և ընդլայնվել են հին ձեռնարկությունները։

Շինանյութի արտադրություն

Շինանյութերի արդյունաբերությունն ընդգրկում է բնական շինանյութերի և ապակու, կապակցանյութերի, հավաքովի երկաթբետոնե կառուցատարրերի, ասբեստցեմենտե, խեցե, հախճապակե ու ճենապակե իրերի արտադրությունները։ ՀՀ-ում խոշորագույնը բնական շինանյութերի արդյունաբերությունն է, որը ներառում է տուֆի ու բազալտի որմնանյութերի, տուֆե, բազալտե, մարմարե, գրանիտե, տրավերտինե երեսպատման սալերի, բազալտե մայթաքարերի, եզրաքարերի և շինարարական այլ իրերի, ինչպես նաև լցանյութերի արտադրությունները։ ՀՀ-ում տուֆաքարի խոշոր արտադրողը «Արթիկ-տուֆ» ձեռնարկությունն է։

ՀՀ կապակցանյութերի արտադրությունն ընդգրկում է ցեմենտի, գաջի, կրի թողարկումը։ Գերակշռում է ցեմենտի արտադրությունը։ Հանրապետությունում գործում է ցեմենտի արտադրության 2 ձեռնարկություն՝ Հրազդանի ցեմենտի գործարանը և Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը։ 2010 թվականին Հայաստանում արտադրվել է 488 հազար տ ցեմենտ։

Design a site like this with WordPress.com
Get started