Զինծառայողների իրավունքները և պարտականությունները։

Զինծառայողների պարտականությունները․

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողը ծառայության ժամանակ ղեկավարվում է օրենքների, զինվորական կանոնադրությունների պահանջներով և հրամանատարների հրամաններով:

Զինծառայողը պարտավոր է`– հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը և նույնիսկ կյանքը, պաշտպանել Հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները.- խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, կատարել զինվորական կանոնադրությունների պահանջները.- մշտապես տիրապետել ռազմական մասնագիտական գիտելիքներին, կատարելագործել սեփական իմացությունը և զինվորական վարպետությունը.- իմանալ և գործադրման համար մշտապես պատրաստ պահել իրեն հանձնված սպառազինությունը և մարտական տեխնիկան, պահպանել պետական և ռազմական ունեցվածքը.- լինել ազնիվ, կարգապահ և խիզախ զինվորական պարտքի կատարման ժամանակ, ցուցաբերել խելամիտ նախաձեռնություն.- անվերապահորեն ենթարկվել հրամանատարներին (պետերին) և նրանց պաշտպանել մարտի ժամանակ, պաշտպանել զորամասի մարտական դրոշը.- բարձր պահել զինվորական ընկերասիրությունը, չխնայելով կյանքը` ընկերներին փրկել վտանգից, նրանց օգնել խոսքով ու գործով, հարգել նրանցից յուրաքանչյուրի պատիվն ու արժանապատվությունը, իր և ուրիշ զինծառայողների նկատմամբ թույլ չտալ կոպտություն և ծաղրուծանակ, նրանց հեռու պահել անարժան արարքներից.- պահպանել զինվորական հարգանքի, վարքի և զինվորական ողջույնի կանոնները, մշտապես լինել համազգեստով` մաքուր և խնամքով հագնված.- լինել աչալուրջ, խստորեն պահպանել պետական և ռազմական գաղտնիքը: Հոդված 14. Զինծառայողը պետք է պատվով կրի Հայաստանի Հանրապետության պաշտպանի բարձր կոչումը, թանկ գնահատի զինված ուժերի, իր զորամասի պատիվն ու մարտական փառքը և իր զինվորական կոչման պատիվը: Հոդված 15. Զինծառայողը պարտավոր է դրսևորել հայրենասիրություն, նպաստել ազգերի և ժողովուրդների միջև եղբայրության ամրապնդմանը:Զինծառայողների ուսուցման և դաստիարակության ընթացքում պետք է հարգանք ցուցաբերվի նրանց ազգային զգացմունքների, սովորությունների և ավանդույթների նկատմամբ:Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որպես պետական լեզու օգտագործվում է հայերենը: Հայոց լեզվին թույլ տիրապետող զինծառայողներին տրվում են ուսումնական ձեռնարկներ, ժամանակ է առանձնացվում և ստեղծվում են այլ պայմաններ լեզուն ուսումնասիրելու համար: Հոդված 16. Զինծառայողները պարտավոր են հարգանք տածել միմյանց նկատմամբ, կարգուկանոնի և կարգապահության պահպանության հարցում օժանդակել հրամանատարներին (պետերին) և ավագ զինծառայողներին:Զինծառայողի հետ պատահած ամեն ինչի մասին, որ ազդում է նրա պարտականությունների կատարման վրա, և իրեն արված դիտողությունների մասին նա պարտավոր է զեկուցել իր անմիջական պետին:Զինծառայողների միջև զինվորական կանոնադրություններով սահմանված փոխհարաբերությունների խախտման դեպքում նա պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել կարգուկանոն հաստատելու համար, ինչպես նաև այդ մասին զեկուցել իր անմիջական պետին: Հոդված 17. Զինծառայողը պետք է պահպանի զինվորական ծառայության անվտանգության պահանջները, հիվանդությունների և հաշմվելու կանխման միջոցները, ամեն օր բարձրացնի ֆիզիկական կոփվածությունն ու մարզվածությունը: Հոդված 18. Ծառայության հարցերով զինծառայողը պարտավոր է դիմել իր անմիջական պետին և հետո միայն, նրա թույլտվությամբ` կոչումով հաջորդ ավագ պետին:Անձնական հարցերով ևս զինծառայողը պետք է դիմի անմիջական պետին, իսկ հատուկ անհրաժեշտության դեպքում` ավագ պետին:Առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) դեպքում զինծառայողը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության դրույթներով:


Զինծառայողների իրավունքները․

Հոդված 8. Զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության բովանդակությունն ու ծավալը կախված են այն բանից, թե արդյոք նրանք զինվորական ծառայության պարտականություններ են կատարում, թե ոչ:

Զինծառայողների պարտականությունների կատարում ասելով հասկացվում է` մարտական գործողություններին մասնակցելը, պաշտոնեական պարտականությունների, մարտական հերթապահության կատարումը, զորավարժություններին մասնակցելը, աշխատակարգով սահմանված ծառայության ժամանակամիջոցում զորամասի տարածքում կամ, եթե դա թելադրված է ծառայության անհրաժեշտությամբ, ծառայողական գործուղման կամ բուժման մեջ գտնվելը, ծառայության վայր, բուժման մեկնելը կամ վերադառնալը, զինվորական հավաքներին մասնակցելը, գերության մեջ (բացառությամբ կամավոր գերի հանձնվելու դեպքերը), պատանդի կամ ներկալվածի վիճակում գտնվելը, անհայտ բացակայությունը` մինչև զինծառայողին օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչելը կամ մեռած հայտարարելը, անհատի կյանքի, առողջության, պատվի ու արժանապատվության պաշտպանությունը, օրինականության և իրավակարգի ապահովման գործում իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալը, զինծառայողների այլ գործողություններ, որոնք դատարանի կողմից ճանաչվել են որպես հասարակության ու պետության շահերից բխող:

Որպես զինվորական ծառայության պարտականությունները կատարող չեն ճանաչվում այն զինծառայողները, որոնք կատարում են քրեական օրենսդրությամբ նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ:

Անհրաժեշտության դեպքում հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը պարտավոր է զինվորական ծառայության պարտականությունների կատարմանն անցնել ցանկացած ժամանակ:

Զինվորական ծառայության կատարման ժամանակ զինծառայողները համարվում են պետական իշխանության ներկայացուցիչներ և գտնվում են պետության պաշտպանության տակ:

Հոդված 9. Զինծառայողների իրավունքներն ու դրանց իրականացման կարգը, զինծառայության առանձնահատկությունների հաշվառմամբ, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Կանոնագրքով:

Ոչ ոք իրավասու չէ սահմանափակել զինծառայողների իրավունքներն ու պարտականությունները, որ սահմանված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և օրենսդրությամբ:

Զինծառայողների կողմից իրենց իրավունքների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, զինվորական ծառայությանը, ուրիշ զինծառայողների և այլ քաղաքացիների իրավունքներին:

Հոդված 10. Պետությունը երաշխավորում է զինծառայողների սոցիալական և իրավական պաշտպանությունը, միջոցներ է ձեռնարկում նրանց համար բավարար և արժանի կենսամակարդակ ապահովելու, ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ:

Զինծառայողների իրավունքների ապահովումը և պահպանումը դրվում են տարածքային կառավարման մարմինների, զինվորական կառավարման մարմինների, հրամանատարների (պետերի) և իրավապահ մարմինների վրա:

Նախքան զինվորական երդում տալը զինծառայողը չի կարող նշանակվել զինվորական պաշտոնի, ընդգրկվել մարտական խնդիրների կատարման գործում (մարտական գործողությունների, մարտական հերթապահության, պահակային ծառայության կատարմանը): Զինվորականին չեն ամրակցվում սպառազինություն և ռազմական տեխնիկա, նրան չեն կարող տալ կալանքի կարգապահական տույժ:

Զինծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում մեղավոր հրամանատարները (պետերը) ենթակա են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության:

Հոդված 11. Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք: Զինծառայողի կողմից զենքը պահելու, կրելու կանոնները և գործադրելու կարգը սահմանվում են սույն Կանոնագրքով:

Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`

– պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

– զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

– զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.

– հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինված դիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվող զինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:

Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնադրությամբ սահմանված դեպքերում ու կարգով:

Հրամանատարը (պետը) դրանից բացի իրավունք ունի անձամբ զենք գործադրել կամ հրամայել զենք գործադրելու կարգապահության և կարգուկանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:

Հոդված 12. Զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում այն գործադրելու մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում, մեկուսարանից զինված կամ փոխադրամիջոցների օգտագործումով փախուստի դեպքում, ինչպես նաև գիշերով կամ սահմանափակ տեսանելիության այլ պայմաններում փոխադրական միջոցների շարժման պահին դրանցից փախուստի, ինչպես նաև այլ իրական սպառնալիքի դեպքում:

Զենք գործադրելու և օգտագործելու դեպքում զինծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները շրջապատի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ անհրաժեշտության դեպքում` տուժածներին ցույց տալ անհետաձգելի բուժօգնություն:

Արգելվում է զենք գործադրել կանանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կատարում են զինված կամ խմբային հարձակում, ցույց են տալիս զինծառայողի և այլ քաղաքացիների կյանքին սպառնացող զինված դիմադրություն, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ կասեցնել այդ հարձակումը:

Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):


Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started