Լրացուցիչ կրթություն (տանը)

Պարագաներ

Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

Չափ ու քանակի պարագա

• Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
• Լճափից արևը երկու անգամ է երևում:


Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:
• Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
• Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
• Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
• Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Հարցի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:
• Քաղաքացիները մինչև վերջ փակեցին փողոցները:
• Լողորդը շատ կարճ շունչը պահում էր ջրի տակ:
• Մենք շատ զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
• Հանիբալի զորքը լիովին կանգ առավ Ալպերի բարձունքում:
• Մարագների դռները երկու օր է ինչ փակել են:

Նպատակի պարագա

• Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
• Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

Գտի՛ր նպատակի պարագաները:
• Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
• Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
• Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
• Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
• Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:
1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

Պայմանի պարագա

• Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: Եթե դու մերժես, նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ:
• Մնացի տանը պարապելու պայմանով:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):

Գտի՛ր պայմանի պարագաները:
• Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
• Եթե շուտ հասնեին, կկանխվեր այդ անասելի ողբերգությունը:
• Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
• Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
• Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:

Կետերի փոխարեն գրի՛ր պայմանի պարագաներ: Ավելացրած պարագաները դարձրու երկրորդական նախադասություն:
• Նա փրկեց փոքրիկին լավ մարդ լինելու պայմանով:
• Թոռան գալը տատին կուրախացնի երջանիկ լինելու դեպքում:
• Ես կհանդիպեմ նրան կարգին հաց պատիվ տալու պայմանով:
• Նա հեռացավ մեծ գումարի պայմնով:

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:
Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:
Փողոցով մի հին մեքենա սլացավ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:
• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
 Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
• Հնչյունները տարան իր հարազատ ծննդավայր:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:
• Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր:
1. Մենք թաքնվեցինք այնտեղուր, խիտ եղեգներ էին աճում:
2. Նրա հայացքը գնաց այնտեղ, որտեղից պատանին ձեռք էր պարզել:
3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից, ուր փակվել էր աղոթելու համար:
4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:
Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:
Այսօրվա դասն անհետաքրքիր էր:
Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:
• Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
• Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
• Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
• Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
• Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունը տրոհվում է ստորակետով:
• Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենք մտածում:
Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայական դարձված-ժամանակի պարագան տրոհվում է.
• նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյա ճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ: – Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյա ճամփորդության գնալիս:
• նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. – Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկար ճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:

Կետադրի՛ր:
1. Ամռանը երբ ջուրը պակասում է, գյուղացիներն սկսում են վիճել մի կաթիլի ջրի համար:
2. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս, մարդ հաճախ զարմանում է:
3. Վիթխարի հզորության հողափոր մեքենան տեղից տեղ փոխադրվելիս, մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:
4. Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն, երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
5. Ծովափին կանգնելիս, աղջիկը հայացքը հառում էր հեռու հորիզոնին:

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
• Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
• Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
• Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
• Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Գտի՛ր ձևի պարագաները:
• Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
• Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
• Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
• Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
• Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
• Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started